Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

...

...
14.11.2008 | 00:00

Վենդետա
Օրերս իրար հաջորդող սպանությունների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շատ յուրօրինակ որակում էր տվել դրանցից մեկին` «վենդետա», այլ խոսքով` վրեժխնդրություն: ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե նման սպանությունները կարո՞ղ են «վենդետայի» հետևանք լինել: Չբացառելով նման հավանականությունը՝ նախարարն իր անձնական կարծիքը փոխանցեց «Իրավունքը de facto»-ին. «Չէի ուզենա այս լուրջ իրավիճակի ակունքը տեսնել միայն միջդատական կամ ներդատական վարույթի ոչ ընդունելի մակարդակում: Այս ոլորտում առկա բացթողումները կարող են նպաստել վրեժխնդրության դրսևորումներին, բայց սպանությունների միակ պատճառը չեն կարող լինել: Նույնիսկ այն դեպքում, երբ դատավարությունները բոլոր կանոններով են ընթանում, միևնույն է, վրեժխնդրության համար տեղ մնում է: ՈՒրիշ հարց է, թե իրավական հարթության մեջ որքանով է փորձ արվում կանխել»:
Ռ. Խ.
Հ. Գ. Հարցազրույցը Գևորգ Դանիելյանի հետ կարդացե՛ք «Իրավունքը de facto»-ի նոյեմբերի 18-ի համարում։

Ղարաբաղ կգնա՞ն
Այսօր Երևան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ): Նրանք Հայաստան կգան Բաքվից, որտեղ արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մայնդորֆյան հռչակագրից հետո համանախագահներն առաջին անգամ են տարածաշրջան այցելում, սակայն դեռևս պարզ չէ` կգնա՞ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, թե՞ ոչ: Չնայած հիշյալ հռչակագրով ևս մեկ անգամ փաստվեց, որ Ղարաբաղը բանակցային կողմ չի դիտարկվում:
Ռ. Խ.

Տրամաբանություն եմ ասել
«Հաջորդ տարվանից նվազագույն աշխատավարձը 25 000 դրամի փոխարեն կկազմի 30 000 դրամ»,- Աժ-ում ազգիս աչքալուսանք է տվել բյուջետային քննարկումներին մասնակցող աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը` «մոռանալով», անշուշտ, հետը մեկին էլ ֆինանսների նախարարությունից, ԿԲ-ից կամ ազգային վիճակագրական ծառայությունից բերել, որ նա էլ իր հերթին բացատրեր, թե էդ ավելացած 5 000 դրամը գոնե 2008-ի սղաճին, այսինքն` գների բարձրացմանը, համարժե՞ք է, թե՞ չէ: Կարճ ասած, մարդկանց մեկ բան է հետաքրքրում. 2009-ի 30 000 դրամը 2008-ի 25 000-ի գինն ունենալո՞ւ է: Փաստորեն` ոչ, որովհետև Վիկտոր Դալլաքյանը դրան «հիվանդ մարդուն բամբակով ջուր տալ» է որակել, իսկ շատ շատերը մեր «փայլուն տնտեսական աճի ֆոնին հանկարծ հիշել են», որ «մեր երկրում յուրաքանչյուր 5-րդը աղքատ է, իսկ 100 000-ից ավելի մարդ` ծայրահեղ աղքատ»: Էս հուզաթաթախ քննարկմանը ՀԿԿ-ական Սամվել Նիկոյանի սիրտը չի դիմացել ու թե` «Հա, բայց ավելի լավ չի՞ բամբակով ջուր տալ, քան ընդհանրապես ջուր չտալ»: Ա՜յ քեզ բան, նույն տրամաբանությամբ` ավելի լավ է մարդուն ընդհանրապես ջուր չտալ (կարող է` օրգանիզմն իր պահեստային ուժերը լարի ու մի քիչ էլ դիմանա` մինչև մի բարի ջուր տվող քեռի հայտնվի)։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Խայտառակություն է
Հայաստանի իշխանությունները մշտապես հավաստիացնում են, որ ջավախահայության խնդիրներն իրենց ուշադրության կենտրոնում են: Որքա՞ն գումար է այս տարվա ՀՀ պետբյուջեն տրամադրել Ջավախքին: Այս հարցն ուղղեցինք ծնունդով ջավախեցի պատգամավորներ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ և ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ովքեր նաև իշխող կուսակցության` ՀՀԿ-ի անդամ են: «Մենք առաջարկություններ ենք ներկայացրել և հույս ունենք, որ այս տարվա հատկացումը կկազմի շուրջ 500 մլն դրամ»,- նշեց Վարդապետյանը` հավելելով, որ այն, ամեն դեպքում, չի թեթևացնի ջավախահայության խնդիրները: Իսկ Շիրակ Թորոսյանն առավել հանգամանալից պարզաբանեց, թե այդ հատկացումներն ինչ ուղղությամբ են օգտագործվելու (հիմնականում դպրոցների վերանորոգում, դասագրքերի, դպրոցական գույքի ձեռքբերում): Տեղեկացնելով, որ Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին որոշակի վճարով դասագրքեր է տրամադրում նաև Ջավախքի դպրոցներին, այդուհանդերձ, Թորոսյանը մտահոգություն հայտնեց, թե այդ դասագրքերում (հատկապես՝ պատմության և աշխարհագրության) թույլ են տրված «խայտառակություններ»: «Հայաստանի պատմական տարածքների մի զգալի մասը համարվում է վրացական»,- փաստում է պատգամավորը:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Օդում տեսնող է եղել
Նախորդ օրը փորձեցինք Առաքել Մովսիսյանից ճշտել` ինչպե՞ս է տանում հարազատ քաղաք Էջմիածնում իրենց պարտությունը` ի դեմս Հակոբ Հակոբյանի:
Պարոն Առաքելը, ի տարբերություն նախորդ օրերի, այլևս մարտականորեն չէր տրամադրված ու ասաց, որ ինքը «մի էդպե՜ս չի պաշտպանել էդ գործը», պարզապես իր ծանոթ հարազատներին ասել է` ընտրեն Հակոբին, ու հսկել են, որ իրար «խփոցի» չլինի: ՈՒ որպեսզի շատ սևեռված չլինի սեփական «պարտության» փաստին, շուռ եկավ ու մեկ այլ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանին, թե` «Գագո, էն Սպիտակի սպանությունների գործերն ի՞նչ եղան, ի՞նչ պարզին»: «Ոչ մի բան,- պատասխանեց Գ. Մելիքյանը,- ոչ մեկին էլ չեն բռնել մինչև հիմա»:
«Իյա՜,-
ամբողջ հոգով բացականչեց Ա. Մովսիսյան-Շմայսը,- մի հատ օդ ենք կրակում, վռազ բռնում-տանում են, էդ ո՞նց է, որ»:
Եսի՞մ:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Ղարաբաղի պաշտպանության շարժում
ՀՀԿ-ի մեր աղբյուրի պնդմամբ, իշխող կուսակցության խորհրդի վերջին նիստում, ԱԺ խմբակցության ղեկավարի նշանակման հարցը լուծելուց հետո, հանրապետության նախագահը կուսակիցներին պարզաբանումներ է տվել ղարաբաղյան զարգացումների հետ կապված և արձանագրել, որ որևէ տարածք հանձնելու մասին խոսք լինել չի կարող։ Մեր աղբյուրը պնդում է նաև, որ իշխանության դաշտում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ մտադիր են ստեղծել «Արցախի պաշտպանության շարժում» և, այնտեղ ներգրավելով նորանոր ուժերի, այն վերածել լայն ճակատի՝ ընդդեմ ղարաբաղյան կարգավորման ներկայիս նախագծի։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

60 միլիարդ «թքել» են
Չնայած ռուսական իշխանությունների ամենօրյա հավաստիացումներին, թե համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Ռուսաստանի վրա մեծ ազդեցություն չի ունենա, կապիտալի լայնածավալ արտահոսքն այլևս փաստ է։ Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Իգնատևը խոստովանել է, որ, նախնական տվյալներով, երկրից մի քանի ամսվա ընթացքում դուրս է բերվել մոտ 60 մլրդ դոլար։ Իգնատևը նույնիսկ չի բացառել, որ այսպես շարունակվելու դեպքում վերջին տարիներին դիրքերը համեմատաբար վերականգնած ռուսական ռուբլին կրկին կթուլանա։ Վ. Մ.

Թռիչքներ երազում և արթմնի
Կրեմլի մերձավոր շրջանակներից սնվող աղբյուրները Հայաստանում սկսել են լուրեր տարածել, թե Ռուսաստանը բնավ էլ թևաթափ չէ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված անհաջող հռչակագրով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված։ Կրեմլին մոտ կանգնած ռուսական վերլուծական շրջանակները «հաշվարկել են», որ մինչև հաջորդ տարվա օգոստոս ԱՄՆ-ի նոր նախագահը զբաղված է լինելու նոր վարչակազմի ձևավորմամբ, երկրի ներքին խնդիրներով, Իրաքով ու Աֆղանստանով, և, հետևապես Ղարաբաղը չի լինելու Բարաք Օբամայի առաջնահերթությունների շարքում։ Այդ իսկ պատճառով, ըստ շրջանառվող լուրերի, Մոսկվայում որոշում է կայացվել վեց ամսվա ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հարկադրել ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական նախագիծը, և որպես դրա առաջին փուլի ավարտ, կողմերի համաձայնությամբ մինչև 3000, գուցեև ավելի ռուսական «խաղաղապահ» զորք մտցնել հակամարտության գոտի։ Ընդ որում, կրեմլյան աղբյուրներից սնվող լրատուները լուրեր են տարածում, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը հրաժարվեն ռուսական նախագիծը ստորագրելուց, ռուսները մեկին մյուսի վրա «քսի» տալով պատերազմ կսադրեն տարածաշրջանում, դրանով իսկ խափանելով ինչպես Բաքու-Ջեյհան նավթամուղի և մյուս գործող էներգետիկ հոսքերի գործունեությունը, այնպես էլ դեպի Կենտրոնական Ասիա դրանց ընդլայնումը։ Ճիշտ է, լուրեր տարածողները չեն կարողանում պարզաբանել այն հարցը, թե ի՞նչ է լինելու, եթե Բաքուն և Երևանը համատեղ հրաժարվեն փաստաթուղթը ստորագրելուց, և մեկին մյուսի վրա «քսի» տալ չհաջողվի։ Միաժամանակ նույն ռուսական փորձագիտական շրջանակների առավել սթափ ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ օգոստոսի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը շատ հետաքրքրված է Հարավային Կովկասով, ինչի վկայություններից մեկն էլ նրա ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունն է տարածաշրջանի բոլոր գործընթացներին։ Չմոռանանք նաև, որ ԵՎՐԱԶԷՍ-ից օրերս դուրս եկած ՈՒզբեկստանը հայտարարել է իր նավթարդյունաբերական համակարգը մասնավորեցնելու մտադրության մասին, և շատ հավանական է, որ այն ձեռք է բերելու խոշոր ամերիկյան ընկերություններից մեկը, ինչը կնշանակի, որ ԱՄՆ-ն արդեն Կենտրոնական Ասիայում է, այն էլ՝ նրա առանցքային պետություններից մեկում։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հանրայինի վրա գալովի է
«Ձյաձյա Ջիվանին» կամ «Ջիվան ջանին» լավ մեծարեցինք, հարց չկա: Հա՛մ դրսի մեգաաստղերը եկան-պատվեցին 80-ամյակի առիթով (կամ, ինչպես վարպետն է ասում` իրեն «ձրի հյուրասիրեցին», ինչի համար «մեծապատիվ շնորհակալ էր»), հա՛մ քաղաքապետը խոստացավ, որ Ղարաբաղի օրինակով` արձանն են կանգնեցնելու Երևանի սրտում, հա՛մ Երևանի կոնյակի գործարանը 80 տարվա հնության կոնյակ նվիրեց` մեծ տակառը չհաշված, հա՛մ էլ թոռնիկը` կրտսեր Ջիվան Գասպարյանը, բավականին հետաքրքիր բենեֆիս ունեցավ։ Ո՞ր պապը չէր երազի։
Չերկարացնենք, որովհետև համոզված ենք, որ թե՛ համերգին, թե՛ հետագա բոլոր իրադարձություններին ընթերցողն արդեն ծանոթ է: Բայց, այ, կասկածում եմ, թե շատերը նկատեցին ու իրենց վատ զգացին համերգի ընթացքում տեղի ունեցած մի միջադեպից: Բանն այն է, որ երբ մեր հայտնի սպորտսմենները շնորհավորեցին վարպետին` նրան էլ իր ասպարեզում «չեմպիոն հանելով», համերգը վարող Դմիտրի Դիբրովը չդիմացավ ու թե` «Ա՛յ դա բագատիրի, փախլևանի, յա պրա՞վիլնո գավարյու»: Ասաց ու շրջվեց մեզ արդեն քաջածանոթ` Հ1-ի «եվրատեսիլոտ» հաղորդավար Գոհարիկի կողմը, ով կմկմաց-կմկմաց ու թե` «Փախլևանի, չէ՜, հա՞, նու…»: Լավ էր չասաց` եսի՞մ:
Փաստորեն, մեր Հանրայինի գլխին գալովի է. մեկը Քեռուն նվիրված հայտնի ֆիդայական երգը «նվիրում է այն կատարող Արսեն Գրիգորյանի քեռուն ու բոլոր հայ քեռիներին», մեկն էլ, խեղճ լինի, ոչ գիրք է կարդացել, որ «փահլևան» բառն իմանար, ոչ էլ խելքը գլխին մանկություն ու բակ է տեսել, որ իր աչքով տեսներ:
Բայց, խոսքը մեր մեջ, աղջկա անգլերենն էլ առանձնապես մի բան չէր, թեպետ ասում են` «էդ գծով է սովորել» ժամանակին։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Խե՜ղճ հանդիսատես
Մտավորականների (և ոչ միայն նրանց) շրջանում հայկական հեռուստասերիալների դրական և բացասական կողմերի բացահայտումը հետաքրքրությունների նոր դաշտ է բացել։ Ոմանք կարծում են, թե դրանք իրականությունն են արտացոլում, մյուսները դրանք պատանիների համար վատ օրինակի աղբյուր են համարում, իսկ հեռուստաընկերությունները շարունակում են նույն ռիթմով հերթական սերիալի համար ճանապարհ հարթել: Ի՞նչ է մտածում հայկական սերիալների մասին մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Վերջինիս, նախ և առաջ, դուր է գալիս այն փաստը, որ հայկական հեռուստաընկերությունները սկսել են դասական հեղինակների ստեղծագործությունների հիման վրա սերիալներ նկարահանել, զորօրինակ, Հ1-ով առաջիկայում ցուցադրվելիք «Սպանված աղավնին» (նկատենք, որ այս սերիալում գլխավոր դերերից մեկը վերստին վերապահված է «մեգաաստղ»` համատեղման կարգով հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, մյուսն էլ` դերասանի փառքով վերջերս «շլացած» Խորեն Լևոնյանին, իսկ սերիալի ռեժիսորը ոչ անհայտ, «ռեժիսորների ռեժիսոր» Հրաչ Քեշիշյանն է): «Խնդիրը սերիալը չէ, այլ նրա նյութն ու բարոյականությունը»,- մեզ հետ զրույցում ասաց նախարարը, շեշտելով, որ ինքն այսօրվա հայկական սերիալները չի դիտում։ «Այս կենցաղային թեմաները, լեզվամտածողությունը, բովանդակությունը որքան շուտ ասպարեզից դուրս գան, այնքան լավ: Պարզապես դրանց փոխարեն մենք պետք է առաջարկենք այլընտրանքային, որակյալ բան: Քանի որ այդ այլընտրանքը չենք առաջարկում, առկա սերիալների մեղքը չէ, որ զբաղեցրել են այդ դաշտը: Հանդիսատեսը ևս մեղք չունի, ինչ տալիս են, այն էլ նայում է»,- ընդգծեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2968

Մեկնաբանություններ